en
Հուսալի գործընկեր, հուսալի համակարգ

24.10.2019 | Տեղի է ունեցել «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությունը

 

Հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության 220/110/10կՎ «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությանը:

 

1988 թվականին շահագործման հանձնված «Հաղթանակ» ենթակայանի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2016 թվականի հուլիսից, դրանք հաջողությամբ իրականացնելու համար ներդրվել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար: Աշխատանքներն ընթացել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում:

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բացման խոսքում մատնանշել է Համաշխարհային բանկի աջակցությամբ էներգետիկայի բնագավառում իրականացված մեծածավալ ծրագրերի դերն ու նպաստը՝ Հայաստանի էներգահամակարգի հուսալիության բարձրացման գործում:

 

«Այսօր մենք ականատես ենք Հայաստանի էներգետիկ համակարգում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ևս մեկ՝ շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար արժեքով ծրագրի ավարտին` «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկմանը: Այս ենթակայանը կարևոր նշանակություն ունի Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածի, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի հուսալի էլեկտրամատակարարման ապահովման հարցում»,- նշել է նախարարը: Նա արձանագրել է, որ վերակառուցման ընթացքում «Հաղթանակը»՝ 220/10 կՎ ենթակայանից դարձել է 220/110/10 կՎ հանգուցային ենթակայան, կառուցվել է նոր 110 կՎ ԲԲՍ: Ենթակայանի 63 և 20 ՄՎԱ հզորությամբ երկու տրանսֆորմատորները փոխարինվել են 125 ՄՎԱ հզորությամբ ավտոտրանսֆորմատորներով, տեղադրվել է SCADA համակարգ:

 

Նախարարը նշել է նաև, որ կատարված աշխատանքների արդյունքում՝ կբարձրանա Երևան քաղաքի կենտրոնի և հարավային շրջանների սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կնվազի սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը, կկրճատվեն շահագործման ծախսերը: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքում իրենց գործուն աջակցությունը ցուցաբերած կողմերին՝ Համաշխարհային բանկին, ծրագրի պատվիրատու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատակիցներին, գլխավոր կապալառու «Կասկադ-Էներգո» ընկերությանը, ծրագրի խորհրդատու «Դեկոն/ Կոնսուլեկտրա» համատեղ ձեռնարկությանը, ինչպես նաև ենթակապալառու կազմակերպությունների աշխատակիցներին:

 

Մեր գործընկերները