«Իրան-Հայաստան 3-րդ Էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի նախագծման, մշակման, նյութերի և սարքավորումների ձեռքբերման, մատակարարման ու շինարարության» ծրագրի ընթացքը, առաջիկա անելիքներն ու խնդիրներն են քննարկել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության, Իրանի Արտահանման և Զարգացման Բանկի ու «SUNIR International FZE» ընկերության ղեկավարներն ու ներկայացուցիչները: Քննարկվել են նաև ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագրի ժամկետի երկարացման և տոկոսների վերանայման խնդիրները: Կողմերը ստորագրել են նոր համաձայնագրի, ըստ որի Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի («Նորավան» 400/220/20կՎ) շինարարության ծրագիրը պետք է ավարտվի 2019 թվականի վերջին: Հօգուտ հայկական կողմի փոփոխվել է նաև վարկային վճարների տոկոսադրույքը:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Ռազմիկ Խաչատրյանը նշել է, որ ընկերության համար առաջնային նշանակություն ունի ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման բարձր որակն ու ժամանակացույցից հետ չընկնելու հանգամանքը: Նրա խոսքով «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գիծն և «Նորավան» ենթակայանը մեծ դեր ու նշանակություն ունեն Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացման, մեր հանրապետության հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիության բարձրացման, էներգետիկ համակարգի անվտանգության և երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիության ապահովման գործում: