«Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերության գլխավոր տնօրեն Սուլխան Զումբուրիձեն, մարտի 24-ին, աշխատանքային այցով հյուրընկալվել էր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում, որն իրականացնում է Հայաստանի էներգահամակարգի համար ռազմավարական նշանակության նախագծերից մեկը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը:
Այցի նպատակն էր հայ գործընկերի հետ մեկ անգամ ևս քննարկել ծրագրի ընթացքը, առանձնահատկություններն ու առաջիկա անելիքները:
ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը Սուլխան Զումբուրիձեին ներկայացրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ծրագրերը՝ մասնավորապես «Հայաստան-Վրաստան օդային գիծ-ենթակայաններ» նախագիծը, որի շրջանակներում պետք է իրականացվի 400 կՎ էլեկտրահաղորդման գծի, բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի և ենթակայանների կառուցումը:
Ի դեպ վրացական կողմը մեծ փորձ ունի այդ ոլորտում և շահագործում է Ախալցիխեի 500/400/220 կՎ ենթակայանն ու բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանը:
-Մեզ համար կարևոր է համագործակցությունն ու փորձի փոխանակումը,-վրացի գործընկերոջ հետ զրույցում ասել է Արթուր Բաղդասարյանը: -Վստահ եմ, որ մեր մասնագետների համար ուսուցողական կլինեն այցերը «Ախալցիխեի» ենթակայան, ինչու չէ նաև դասընթացները Ձեր մասնագետների կողմից:
Արթուր Բաղդասարյանի խոսքով ցանկացած երկրի տնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկը էներգետիկ կայունությունն ու անվտանգությունն է, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը կարևոր նշանակություն ունի այդ տեսանկյունից: Դրանից բացի Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմամբ կխթանվի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցությունը՝ էներգետիկայի բնագավառում:
«Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերության գլխավոր տնօրեն Սուլխան Զումբուրիձեն իր կողմից պատրաստակամություն հայտնել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում փորձի փոխանակմամբ ու խորհրդատվությամբ աջակցել հայ գործընկերներին: Նա ներկայացրել է «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերության գործունեությունն ու վերջին տարիների ձեռքբերումները: