Ուսումնասիրելով ՀՀ ՊՎԾ կողմից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 31․10․2023թ հրապարակումը՝ փաստում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և խեղաթյուրում է փաստերը։
Այն տեղեկատվությունը, որ ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հաշվին վերականգնվել է 496,085․6 հազար դրամ, իրականությանը չի համապատասխանում։ Վերոնշյալ գումարից 495,548․2 հազար ՀՀ դրամը հանդիսանում է դեռևս 2022 թվականի ապրիլի 8-ին Ընկերության, «Սանիր» և «Սանիր ինտերնեյշնլ ՖԶԵ» ընկերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք, համաձայն որի «Սանիր» ընկերությանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության կողմից տրամադրված փոխառության վերադարձման ուշացման դիմաց հաշվարկված տույժից, 495,548․2 հազար ՀՀ դրամ գումարը պետք է հաշվանցվի «Սանիր ինտերնեյշնլ ՖԶԵ» ընկերության կողմից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը տրամադրված փոխառության մայր գումարի հետ։ Այս հարցի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2019 թվականի հունվարին, երբ ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հ. Հայերին՝ վերոնշյալ հարցի շուրջ լուծումներ տալու խնդրանքով հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ։ Վերոնշյալ գումարի հաշվանցումը միջկառավարական պայմանավորվածությունների և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության, «Սանիր» և «Սանիր ինտերնեյշնլ ՖԶԵ» ընկերությունների միջև կնքված հաշվանցի վերաբերյալ համաձայնագրի արդյունք է և որևէ առնչություն չունի Ընկերությունում ՀՀ ՊՎԾ գործառույթների իրականացման հետ։ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության առօրյա գործունեության ընթացքում ամենօրյա պարբերականությամբ ձևավորվում են, ավելանում կամ նվազում են դեբիտորական և կրեդիտորական պարտքեր։ Հետևաբար, առնվազն կոռեկտ չէ Ընկերության դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի բնականոն մարումները վերագրել ՊՎԾ ուսումնասիրության գործառույթներին։
ՀՀ ՊՎԾ դիտարկումը, որ վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում Ընկերությանն են հանձնվել 226,301․1 ԱՄՆ դոլար արժողությամբ պարտադիր պահեստամասեր, ևս հանդիսանում է Ընկերության և կապալառուների միջև կնքված պայմանագրերի և ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունք, և այս մասով փաստերը ևս խեղաթյուրված են։
Հրապարակումը, ըստ որի Ընկերությունն իրականացրել է ընդհանուր շուրջ 10,7 մլրդ ՀՀ դրամի, 2,6 մլն ԱՄՆ դոլարի և 10,6 մլն եվրոյի տարաբնույթ խախտումներ, նույնպես չի համապատասխանում իրականությանը։
Նշված 10,7 մլրդ դրամից.
- շուրջ 8 մլրդ դրամը վերաբերում է Ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահաբաժինների չվճարմանը և դրանց վրա հաշվարկված տույժերին։ Շահաբաժինների վճարումից ազատման մասով Ընկերությունը ներկայացրել է բոլոր հիմնավորումները, որոնք արդեն շրջանառվում են՝ համապատասխան ՀՀ կառավարության որոշման ընդունման համար։
- շուրջ 1,4 մլրդ դրամը հանդիսանում է «Սանիր» ընկերությանն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության կողմից տրամադրված փոխառության վերադարձման ուշացման դիմաց հաշվարկված տույժ, որը հաշվարկվել է կնքված փոխառության պայմանագրի և ՀՀ օրենսդրության համաձայն։ Այս մասով անհասկանալի է, թե ինչ խախտման մասին է խոսքը։
- շուրջ 1 մլրդ դրամը վերաբերում է «Լիճք» ենթակայանի վերակառուցման շրջանակներում նախագծանախահաշվային գումարի թանկացմանը, ինչը ևս իրականության հետ կապ չունի և դրա մասով հիմնավորումները ներկայացվել են ՀՀ ՊՎ ծառայությանը։
Նշված 2,6 մլն ԱՄՆ դոլարից.
- շուրջ 2,1 մլն ԱՄՆ դոլարը վերաբերում է «Հաղթանակ» ենթակայանում 110 կՎ ԲԲՍ կառուցման համար իրականացված ներդրմանը, որն իրականացվել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերության կողմից ներկայացված պահանջով։ Իրականացված ներդրումները արդյունավետ են և չեն կարող դիտարկվել որպես խախտում։
- շուրջ 0,34 մլն ԱՄՆ դոլարը վերաբերում է կապալառուների կողմից սահմանված ժամկետներում պարտադիր պահեստամասերի չմատակարարմանը, որի մասին արդեն նշվեց։ Ավելին, պահեստամասերի մատակարարման ուշացման դիմաց Ընկերությունը հաշվարկել է պայմանագրով սահմանված տույժերը և նվազեցրել վճարման ենթակա գումարներից։ Այս դեպքում ևս խախտման հիմնավոր պատճառներ ներկայացված չեն ՀՀ ՊՎԾ կողմից։
Նշված 10,6 մլն եվրոյից.
- շուրջ 8,8 մլն եվրոն վերաբերում է 2015 թվականից մինչև այսօր «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում ծախսված գումարներին։ Անհասկանալի է, ինչ տրամաբանությամբ են դրանք համարվում խախտում, երբ այդ գումարի մեջ մտնում են ծրագրի շրջանակներում ենթակառուցվածքների կառուցման համար ձեռք բերված հողատարածքները՝ շուրջ 0,65 մլն եվրո, ԿՖՎ բանկի կողմից տրամադրված վարկի դիմաց գանձված կառավարման վճարը՝ 1,63 մլն եվրո, վարկային համաձայնագրերի շրջանակներում իրականացված տոկոսագումարների մարումները՝ 3,2 մլն եվրո և կնքված խորհրդատվական պայմանագրի շրջանակներում իրականացված աշխատանքների դիմաց կատարված վճարումները՝ 2,9 մլն եվրո։
- շուրջ 0,9 մլն եվրոն վերաբերում է 2016 թվականին կնքված պայմանագրի գնի հնարավոր ավելի պակաս լինելուն, սակայն այդ գումարի չափով պակաս պայմանագրի կնքումը 2021 թվականին խոսում է Ընկերության և միջազգային ֆինանսավորող կառույցների միջև տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների մասին, և ոչ թե խախտման։ ՊՎԾ այս դիտարկումը ևս անհիմն է։
- շուրջ 0,9 մլն եվրոն վերաբերում է 2021 թվականի մարտին «Չարենցավան-3» ենթակայանի վերակառուցման աշխատանքների վերամեկնարկի համար վճարված փոխհատուցման գումարին։ Այդ գումարը վճարվել է ենթակայանի աշխատանքների վերսկսման և վերակառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար, և հանդիսանում է Ընկերության կողմից իրականացված պայմանագրային պարտավորություն։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ ՀՀ ՊՎԾ դիտարկումները մեծամասամբ անհիմն են և խեղաթյուրում են փաստերը։