«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը ապրիլի 5-ին ընդունել է KfW Գերմանիայի Զարգացման բանկի պատվիրակությանը` բանկի էներգետիկ դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ու ենթակայանների կառուցման ծրագրի ընթացքն ու առաջիկա անելիքները:
ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այս պահին ընթանում է կապալառուների ընտրության գործընթացը։
Նա խոսել է նաև ծրագրի շրջանակներում «ԲԷՑ» ՓԲԸ կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքների, այդ թվում՝ ձեռք բերված հողակտորների, սեփականատերերի հետ կնքված պայմանագրերի, ձևակերպված սեփականության վկայականների մասին: Նա ընդգծել է, որ ծրագրի հաջողության համար կարևոր է նաև համապատասխան մասնագետների պատրաստումը:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ այյդ նպատակով այսօր արդեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը քայլեր է ձեռնարկում ստեղծելու համար պրոֆեսիոնալ մասնագետների այն թիմը, ովքեր ծրագրի ավարտից հետո պետք է շահագործեն Հայաստան և Վրաս¬տան էլեկտրահաղորդման 400 կՎ գիծը, 1050 ՄՎտ հզորությամբ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանը, 500/400 կՎ «Այրում» և 400/220 կՎ «Դդմաշեն» ենթակայանները:
Գերմանիայի զարգացման բանկի (KfW) պատասխանատուներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» բավական բարդ ու հետաքրքիր ծրագրի շրջանակներում, և աջակցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը՝ ծրագիրը ժամանակին ու բարձր որակով իրականացնելու հարցում: