23․05․2023
400 կՎ լարում. ենթակայանի կառուցումն ավարտական փուլում է
Շուրջ 7հա տարածք, որը հարևան երկրների՝ Իրանի ու Հայաստանի էներգահամակարգերում կմեծացնի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը: Ավարտական փուլում է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը: Դեպի Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը մեկնարկել է 2006-ից, սակայն մինչև 2018 թ. կառուցվել է գծի միայն 1 տոկոսը: Վերջին տարիներին արված աշխատանքը ներկայացնում են թվերով՝ 268 կմ երկարությամբ Էլեկտրահաղորդման օդային գծի 711 հենարանից բետոնացվել է 653 հիմք, մոնտաժվել՝ 481-ը և շուրջ 70 կմ հաղորդալար:
Ռազմիկ Խաչատրյան (ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ) - Նորավանի ենթակայանը տոկոսային հարաբերակցությամբ մոտավորապես 70-75 տոկոս աշխատանքները կատարված են, ես կասեի՝ ամենադժվարն արդեն իրականացված է: Առաջնային սարքավորումների մոնտաժային աշխատանքները ավարտման փուլում են, ներկայումս սկսվում է երկրորդական շղթայի մոնտաժային աշխատանքները:
Ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: Սա «Գազ էլեկտրաէներեգիայի դիմաց» գործարքի ծավալները նույնպես կմեծացնի: 350 մեգավատտը հասցնելով 1500-ի, որը կբերի նաև էլեկտրաէներգիայի սակագնի բեռի թեթևացման:
Ռազմիկ Խաչատրյան - 1 խ/մ գազը արտադրում է 4.8-5կՎ/ժ էլեկտրաէներգիա, որից 3.4-ը Պարսկաստանինն է, մնացածը՝ Հայաստանին: Այսինքն՝ մոտավորապես 30 տոկոսը տեղափոխված էլեկտրաէներգիայի հայկական համակարգի շահույթն է համարվում:
Սրանով կբարձրանա Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, նաև կունենանք էներգետիկ անվտանգության ապահովման նոր մակարդակ:
Ռազմիկ Խաչատրյան - Հայաստանում առաջին անգամ նման մակարդակի՝ 400 կ/Վոլտ լարում ենք ունենալու, տվյալ համակարգը մասնագետներով համալրելու խնդիրներ ենք ունենալու, ես ուրախ եմ, որ մեկ փուլ բարձրանում է մեր հանրապետությունը նաև և տարածաշրջանում համաչափ զարգացման հնարավորություն է ունենում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 106.8 մլն եվրո: 85%-ը Իրանի արտահանման զարգացման բանկի վարկային միջոցներն են, մնացածը՝ «SUNIR International FZE» ընկերության փոխառությունն է, որը ծրագրի գլխավոր կապալառուն է:
Ռազմիկ Խաչատրյան - Կկարողանանք գործարկել 2024 թ., բայց ինքը լիարժեք չի դառնա, եթե մենք չկարողանանք կառուցել Դդմաշենի ենթակայան, որը ընդհանուր հզորությունները կհավաքի, կբերի ենթակայանի միջոցով կտեղափոխի Իրան: Այս ծրագիրը 50 տոկոսով կտա հազորություն:
Դդմաշենի ենթակայանի կառուցման մրցույթը հայտարարված է, ընթացակարգի և ժամկետների պահպանման դեպքում՝ 2026-ին ծրագիրը կավարտվի, նշում է Խաչատրյանը: Հիշեցնելով, որ գործող 16 ենթակայանների մեծ մասը հիմա վերակառուցման փուլում է:
Ռազմիկ Խաչատրյան - Անցած շաբաթ հանձնեցինք շահագործման Վանաձոր-1 ենթակայանը, «Լիճքը» նախատեսվում է եկող շաբաթ: Այսինքն՝ վերակառուցումները անընդհատ են, շարունակական են:
Խաչատրյանի խոսքով՝ կառուցման ավարտին կունենանք տարանցիկ էներգետիկ համակարգ, որը մեր երկրին կդարձնի «Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի» շահառու՝ բերելով նոր շահույթներ:
Հեղինակ` Ռոզա Խաչատրյան