
Մինչև 2019թ. Հայաստանը կունենա գրեթե 100 տոկոսով վերազինված, միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձր մակարդակի բարձրավոլտ էլեկտրացանցերի համակարգ։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։ Իրականացվող միջոցառումների արդյունքում` հնարավորություն կընձեռնվի զուգահեռ աշխատել Վրաստանի էներգետիկ համակարգի հետ, դրա միջոցով դուրս գալ նաև Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ։ Այդ նպատակով, առաջիկայում Վրաստանի հետ սահմանին կառուցվելու է Հայաստանում առաջին հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։ Ըստ Ա. Գալստյանի, 2019 թվականից սկսած, գործելու է հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքը։ Այժմ քայլեր են արվում Վրաստանի հետ համակարգերի համատեղ աշխատանքը կարգավորող իրավական դաշտի ձևավորման համար։ Արդեն ստորագրվել է երկու համաձայնագիր։ -Կարծում եմ, մինչև տարեվերջ կստորագրենք նաև տարանցիկ փոխանակումների մասին համաձայնագիրը։ Դրանից հետո կսկսենք աշխատել տարածաշրջանային շուկայական հարաբերությունները կարգավորող դաշտի ձևավորման ուղղությամբ, որին կմասնակցեն նաև Իրանն ու Ռուսաստանը։ Հունիսի վերջին նախատեսված է քառակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկների մասնակցությամբ։ Նախատեսվում է սկսել աշխատանքները՝ էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հաստատված ճանապարհային քարտեզով նախանշված միջոցառումների իրականացման ուղղությամբ։