ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության Գորիսի մասնաճյուղում /«Շինուհայր» 220/110/35/6 կՎ ենթակայան/ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում իրանցի գործընկերների հետ քննարկվել են «Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք աշխատանքները:
Արտագնա խոորհրդակցությանը մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արա Սիմոնյանը, ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը, ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Շահբազ Սոլբի Ային, դեսպանի խորհրդական Ալի Նասեր Սոբհանի Փուրը և «ՍԱՆԻՐ» ընկերության ներկայացուցիչները:
Նրանք տեղում ծանոթացել են «Նորավան» 400/220/20կՎ ենթակայանի շինարարության ընթացքին, քննարկել են ժամանակցույցն ու ծրագիրը նախանշված ժամկետում ավարտելու հարցերը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է «Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գիծ և «Նորավան» ենթակայանի դերն ու նշանակությունը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացման, մեր հանրապետության հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիության բարձրացման, էներգետիկ համակարգի անվտանգության և երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիության ապահովման գործում:
Նա նշել է, որ «ՍԱՆԻՐ» ընկերությունը շինարարության ընթացքում պետք է խստորեն հետևի ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարմանը, պետք է պահպանվեն նաև Հայաստանում գործող շինարարական նորմերն ու տեխնիկական կանոնակարգերի պահանջները:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ընկերության համար առաջնային նշանակություն ունի ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման կատարողականը: Նրա խոսքով ընկերության կողմից ստեղծվել են բոլոր պայմանները աշխատանքների լիարժեք իրականացման համար: Նա շեշտել, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ մեծ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն ծրագիրն արդյունավետ իրականացնելու նպատակով: