
Օրերս ԲԷՑ ՓԲԸ Գորիսի մասնաճյուղում /«Շինուհայր» 220/110/35/6 կՎ ենթակայան/ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են «Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի և Նորավան ենթակայանի կառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք աշխատանքները:ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Անանյանի գլխավորությամբ Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ջ. Աֆլաջին, էներգետիկայի նախարարի խորհրդական Հ. Հայերին, SUNIR ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Մ. Հոջաթը տեղում ծանոթացել են «Նորավան» 400/220/20կՎ ենթակայանի շինարարության ընթացքին, քննարկել են ժամանակցույցն ու ծրագիրը նախանշված ժամանակշրջանում ավարտելու հարցերը: Արտագնա աշխատանքային հանդիպման արդյունքները հայ և իրանցի գործընկերները ամփոփել են ՀՀ ԷԲՊ նախարար Լևոն Յոլյանի մոտ: Նրանք կարևորել են «Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի և Նորավան ենթակայանի կառուցում» ծրագիրը ժամանակին և բարձր որակով ավարտելու հանգամանքը, քանի որ դրա իրականացումը հնարավորություն կտա՝ ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350ՄՎտ-ից հասցնել մոտ 1000ՄՎտ-ի, բարձրացնել ՀՀ և ԻԻՀ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և կայունությունը, բարձրացնել ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը, Հանրապետության հյուսիս-հարավ էներգակապի հզորացմամբ՝ բարձրացնել ՀՀ էներգահամակարգի հուսալիությունը և կայունությունը և ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում: