
Մայիսի 9-ին Փարզում տեղի է ունեցել «Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբի» (Global Trade Leaders´ Club) կողմից իրականացվող ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցող քսանութ երկրների թվում Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն արժանացել է «Բարձր որակի ապահովման համար» մրցանակին: «Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբը», որի նպատակն է աջակցել աշխարհի տարբեր երկրների գործարարնների միջև տնտեսական և գործընկերային հարաբերությունների հաստատմանը, համախմբում է աշխարհի 95 երկրների 7500 անդամ-ընկերությունների, որոնք գործունեություն են իրականացնում տնտեսության տարբեր ճյուղերում՝ արտադրություն ծառայություների մատուցում և այլն: Աշխարհի առաջատար ընկերությունների շարքում այս անգամ Հայաստանը ներկայացրել և մրցանակի է արժանացել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը՝ տարիների ընթացքում էներգետիկ ոլորտում իրականացրած գործունեության, ձեռքբերումների, զարգացման ծրագրերի, հաջողությամբ իրականացված ներդրումների, հետևողական աշխատանքի, ինչպես նաև բարձր որակի ու մատուցած ծառայությունների համար: Ի դեպ միջազգային այդ մրցանակը թույլ է տալիս դառնալ Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբի լիիրավ անդամ, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս մրցանակ ստացած ընկերությանը հաջորդ մրցանակաբաշխություններին ներկայացնել հայկական այլ ընկերությունների թեկնածություններ: ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Անանյանի խոսքով «Առևտրի առաջնորդների համաշխարհային ակումբի» նախաձեռնած մրցանակաբաշխությունը լավ հնարավորություն է ծանոթանալ աշխարհի առաջատար ընկերությունների փորձին, ձեռք բերել պրոֆեսիոնալ գործընկերներ ու նոր ներդրողներ: Ի դեպ անցած տարեվերջին Երևանում կայացած ԱՊՀ ստանդարտների ազգային խորհրդի համաժողովի ընթացքում, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ արժանացել է, ստանդարտների բնագավառում բարձրագույն «Որակի նշանի» ոսկե մրցանակի՝ համակարգում ներդրված որակի միջազգային չափանիշների համար: