«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը նշում է գործունեության 25-ամյակը: Ընկերությունը ստեղծվել է 1998 թվականի հուլիսի 20-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, և արդեն քառորդ դար իր կարևոր ու հանգուցային դերն ունի Հայաստանի էներգետիկ համակարգում։
Անցած 25 տարիների ընթացքում ընկերությունն անցել է կայացման լուրջ ճանապարհ․ իրականացվել և իրականացվում են արդիականացման տարբեր ծրագրեր, որոնց նպատակն է՝ բարելավվել մեր հանրապետության էներգահամակարգի արդյունավետությունը, նվազագույնի հասցնել կորուստները, բարձրացնել ներքին էլեկտրահաղորդման ցանցի արդյունավետությունն ու տարածաշրջանում էլեկտրամատակարարման հուսալիությունը։ Այդ ամենօրյա աշխատանքների հետևում կանգնած են մարդիկ՝ ում նվիրումի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր է լինում գրանցել արդյունքներ ու ձեռքբերումներ։
Հուլիսի 26-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Հովհաննիսյանը, ընկերության 25-ամյակի կապակցությամբ, շնորհավորել է աշխտակիցներին և մաղթել է անվտանգ ու բեղմնավոր աշխատանք։ Կարեն Հովհաննիսյանը 25 աշխատակիցների՝ համակարգում ունեցած ներդրման, բարեխիղճ ու արդյունավետ գործունեության համար պարգևատրել է «Արգիշտի Ա» պատվավոր արծաթե հուշամեդալով։