Դեկտեմբերի 8-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության decon international and consulectra համատեղ ձեռնարկության միջև ստորագրվել է «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», ինչպես նաև «Աշնակ» ենթակայանների վերակառուցման օժանդակության և վերահսկողության խորհրդատվական ծառայության պայմանագիրը:
Պայմանագիրը ստորագրել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն պարոն Արթուր Բաղդասարյանը, decon international ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնդ Կադելը, իսկ consulectra ընկերության կողմից Էլեկտրահաղորդման և Բաշխման ստորաբաժանման պետ Յուրգեն Կամպան:
ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է գործընկերներին և հույս է հայտնել, որ decon international and consulectra համատեղ ընկերության հետ համագործակցությունը կլինի արդյունավետ ու ծրագիրը կիրականացվի բարձր մակարդակով:
Վերոնշյալ ենթակայանների վերակառուցման խորհրդատվական ծառայության համար մրցույթը գերմանական decon international and consulectra Համատեղ Ձեռնարկությունը շահել է 1,018,406.25 Եվրո /«Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1»/ և 339,468.75 Եվրո /«Աշնակ» / գումարով:
Ենթակայանների վերակառուցման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ «Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրերի շրջանակներում: