
Շուրջ տասը տարի տևած մրցութային գործընթացից հետո «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը վերջապես թևակոխեց զարգացման նոր փուլ։ Ս/թ օգոստոսի 6-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում, Վերականգնման վարկերի (KfW) բանկի կողմից ֆինանսավորվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի շրջանակներում, էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակով հնդկական KEC International Limited (Քեյ Ի ՍԻ Ինթերնեյշնլ Լիմիթեդ) ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության միջև ստորագրվեց պայմանագրային համաձայնագիր, որով նախատեսվում է իրականացնել․
- 500 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցում (մոտ 7,01 կմ)՝ Այրում ԲԼՀՀ փոխակերպիչ կայանից մինչև Վրաստանի սահման,
- 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցում (մոտ 96,7 կմ)՝ Այրում ԲԼՀՀ փոխակերպիչ կայանից մինչև Դդմաշեն ենթակայան,
- 220 կՎ Ալավերդի էլեկտրահաղորդման գծի (մոտ 4 կմ) մուտքի կառուցում՝ Այրում ԲԼՀՀ փոխակերպիչ կայանին միանալու համար։
Աշխատանքների ավարտման ժամկետը՝ 42 ամիս։
ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը նշանակալի իրադարձություն է և չափազանց կարևոր քայլ էներգետիկ զարգացման ճանապարհին՝ դեպի ժամանակակից, արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան էներգետիկ ապագա։ Ծրագրի իրականացման շրջանակներում նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը կարևոր խթան կհանդիսանա էներգետիկ համակարգի հզորացման, տարածաշրջանային փոխկապակցվածության խորացման և էներգամատակարարման հուսալիության բարձրացման համար։