Ասիական Զարգացման Բանկի առաքելության այցի շրջանակներում, ապրիլի 19-ին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագրի իրականացման ընթացքը, մինչ օրս կատարված աշխատանքները, գնումների և մատակարարման խնդիրները: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ «էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնում» ծրագրի շրջանակներում իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցումը:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանը ողջունելով հյուրերին նշել է, որ դրական է գնահատում ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նրա խոսքով օրեր առաջ աշխատանքային այց էր կազմակերպվել «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների տեղանք, որի ընթացքում դիտարկվել են ծրագրի կապալառուի՝ չինական Liaoning-EFACEC Electrical Equipment Co. LTD և Northeast China International Electric Power Corporation համատեղ ձեռնարկության կողմից մինչ այսօր իրականացված աշխատանքները:
Արթուր Բաղդասարյանը բավական արդյունավետ է գնահատել Ասիական Զարգացման Բանկի հետ համագործակցությունը:
ԱԶԲ ներկայացուցիչ, «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագրի ղեկավար Տիանհուա Լուոն նշել է, որ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագիրը ԱԶԲ կողմից՝ ոլորտում իրականացվող առաջին ծրագիրն է: Նրա խոսքով կապալառուն պետք է ցուցաբերի բարձր պատասխանատվություն՝ նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար: Տիանհուա Լուոն վստահեցրել է, որ Ասիական Զարգացման Բանկը պատրաստ է համագործակցել նաև այլ ծրագրերի շրջանակում:
Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչներն այցելել են «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների տեղանք ու ծանոթացել վերակառուցման աշխատանքների ընթացքին: