Այսօր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում տեղի է ունեցել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրով նախատեսված Լոտ–3-ի գլխավոր կապալառուի ընտրության գնումներն իրականացնող մրցութային հանձնաժողովի առաջին հրապարակային նիստը։ Վերականգնման վարկերի (KfW) բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագրի Լոտ–3-ով նախատեսվում է Այրումում կառուցել բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան։
Այդ աշխատանքները կատարելու նպատակով, գլխավոր կապալառուի ընտրության մրցույթի համար նախապես ընտրված 7 հայտատուներից, մինչև սահմանված վերջնաժամկերտը, մրցութային փաթեթ ներկայացրել էր միայն մեկ ընկերություն։
Մրցութային հանձնաժողովը, ընթացակարգի համաձայն, բացել է միայն հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական հայտը և ստուգել է փաստաթղթերի ամբողջականությունը: Հայտատուի ֆինանսական առաջարկը կբացվի տեխնիկական հայտի գնահատումից հետո։ Գլխավոր կապալառուի հետ պայմանագիրը կկնքվի տեխնիկական և ֆինանսական հայտերը մանրամասն ուսումնասիրելուց և հաստատելուց հետո։
Մրցութային հանձնաժողովի նախագահ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել մրցույթին մասնակցելու և հայտ ներկայացնելու համար։
Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հայտատուի տեխնիկական առաջարկը դիտարկելու և արդյունքները հանձնաժողովին ներկայացնելու նպատակով։
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման արդյունքում նոր էլեկտրահաղորդման գծի, ԲԼՀՀ ՓԿ և ենթակայանների կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի փոխհոսքերի ապահովման ծառայության որակը, կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը։


















