Հնդկական Kalpataru Power Transmission LTD ընկերությունը, որն իրականացնում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման աշխատանքները, ավարտել ու շահագործման է հանձնել օդային գծի հինգ հատվածներից մեկը՝ Գեղարքունիքի մարզով անցնող և «Լիճք» ենթակայանից մինչև «Կամո» ենթակայան ձգվող մոտ 30 կմ հատվածը: Այդ հատվածում Kalpataru Power Transmission LTD ընկերությունը տեղադրել ու մոնտաժել է 91 հենարան:
Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման օդային գիծը վերակառուցվում է «Համաշխարհային Բանկի» կողմից իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում: Շուրջ 227 կմ երկարությամբ օդային գծի վերակառուցման համար անցկացված միջազգային մրցույթում գլխավոր կապալառու էր ընտրվել հնդկական Kalpataru Power Transmission LTD ընկերությունը:
«Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի համար: Դրա արդյունքում կվերակառուցվում է 1950-ական թվականներին շահագործման հանձնված և ֆիզիկապես մաշված 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գիծը և փոխարինվում են գիծը սպասարկող 721 հենարանները: Ի դեպ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գիծն անցնում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերով' միացնելով հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝ կենտրոնական և հարավային մասերը: Վերակառուցման արդյունքում «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի: